архив | Ղազարոս Աղայան RSS for this section

ԱՐԵՎ

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

ՄԱՆՈՒՇԱԿ

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

ՀՈՆԻ ԿՈՐԻԶԸ

Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ:

«Կորիզն,- ասաց, – ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա»:

Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,
Եղբայրներս սրտնեղելով՝
Նախանձեցին իմ բախտին:

«Կույր է բախտը, սուտ չէ ասած»,
Մեծ եղբայրս փնթփընթաց,
«Մի՞թե սա է ամեիս մեջ
Աշխատավոր, բանիմաց…»

Մեկելներն հավանեցին
Մեծ եղբորս ասածին. –
«Իրա՞վ. իրա՛վ, չէր արժանի»,
Միաբերան ձայնեցին…

Մայրըս ասաց. «Խելոք կացեք,
Ահա կգա Նոր-Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝
Պարգև չի տալ ոչ մեկին:

Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրանցից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից»:

Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ- տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն:

Քաղցր կերանք ու քաղցրացաբք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ:

«Հոնի կորիզն» այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցինք, քնեցանք…

Ղազարոս Աղայան

( ապրիլի 16 (ապրիլի 4), 1840, Բոլնիս-Խաչեն — հուլիսի 3 (հուլիսի 20), 1911, Թիֆլիս), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։

Կենսագրություն

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

1853 թվականին Աղայանը ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նախավերջին դասարանը։ Քաղաքային կայնքը և առաջադիմաման գաղափարները վճռական նշանակություն են ունենում նրա մտավոր զարգացման գործում։ Շուտով ապագա գրողը վերադառնում է գյուղ և փորձում իր ձեռք բերած գիտելիքներով զարգացնել շրջապատը։

1862 թվականին Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղհանդիպում են մեծ դժվարությունների։ 1862-1867 թվականներին աշխատում է որպես գրաշար Մոսկվայում և Պետերբուրգում:

1895 թվականին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։

Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։

Ընտանիք

  • Հայր՝ Ստեփան Աղայան 1806/1807-հոկտեմբերի 4 (հոկտեմբերի 16), 1882)
  • Մայր՝ Հռիփսիմե Հովհաննիսյան (1815/1816-հունիսի 1 (հունիսի 13), 1876)
  • Դուստր՝ Լուսիկ Սարյան (Աղայան) (հունիսի 3 (հունիսի 15) 1893-1974), նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) կինը
  • Որդի՝ Մուշեղ Աղայան (նոյեմբերի 5 (նոյեմբերի 17) 1883 կամ 1888-սեպտեմբերի 11 1966), հայտնի կոմպոզիտոր, երգիչ։

Գործունեություն

Մանկավարժական գործունեություն

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։

1869 թվականին «Արարատ» ամսագրի առաջին համարներում հրապարակել է «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշար։

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտությանն մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ, հեքիաթներ և այլն։

1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին։

Գրական գործունեություն

Աղայանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը եղել է «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում 1862 թվականին։ «Արություն և Մանվելով» (1867) Աղայանը հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։ Վեպում նա անողոք պայքար է հայտարարել խավարին ու հետամնացությանը՝ ընթանալով Աբովյանի բացած ճանապարհով։ «Երկու քույր» վիպակում արտացոլել է սոցիալական տեղաշարժերը ետռեֆորմյան հայ գյուղում, գյուղացու պայքարը հողի համար, որը նորություն էր հայ գրականության մեջ։ Վիպակում շոշափված են կնոջ հասարակական ակտիվության ու ազատ սիրո հարցերը։ Հասարակական չարիքի նախապատճառը Աղայանը համարել է սոցիալական անհավասարությունը և առաջ քաշել սեփականության արդար բաժանման խնդիրը («Բաժանություն», 1890)։ Աղայանի գեղարվեստական արձակի ուշագրավ նմուշներից է «Սերը արտաքսված» ստեղծագործությունը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տվել է իրականության ռեալիստական պատկերը։ Մշակել է «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ։ Մարդու հարաբերությունների մասին Աղայանի իդեալն ավելի ամբողջականորեն արտահայտված է «Տորք Անգեղ» պոեմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու«Հայոց պատմության» մեջ եղած առասպելն է Տորք Անգեղի մասին։

Գերեզմանաքարը Խոջիվանքում

Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովվականը», լույս է տեսել 1882 թվականին, հաջորդը՝ «Բանաստեղծությունները», 1890 թվականին։ Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակության կարևոր միջոց, հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղաձարին։ «Անահիտը» (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան Կռիլովի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնեի, Լև Տոլստոյի, Ուիլյամ Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

Վերնատուն

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վերնատուն

«Վերնատան» անդամները․ նստած են՝ Իսահակյան, Աղայան, Թումանյան․ կանգնած են՝ Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան

Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

Ֆիլմեր

Ֆիլմեր, որոնք նկարահանվել են հիմնվելով Ղազարոս Աղայանի ստեղծագործությունների վրա

  • Անահիտ, Համո Բեկնազարյան (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ, 1947 թ.)

Մուլտֆիլմե

Մուլտֆիլմեր, որոնք նկարահանվել են Ղազարոս Աղայանի ստեղծագործությունների հիման վրա

  • Անահիտ, Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց (Հայաստան Հայաստան, 2014 թ.)

Աղայանի մասին

Aquote1.png Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ։

— Ավետիք Իսահակյան
Aquote2.png

Հիշատակ

Ղազարոս Աղայանի կիսանդրին №63 հիմնական դպրոցի բակում

Տես նաև՝ Ղազարոս Աղայանի տուն-թանգարան, Ղազարոս Աղայանի անվան թիվ 63 դպրոց, Ղազարոս Աղայանի կիսանդրի (Երևան)։

Ղազարոս Աղայանի անունն է կրում Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի № 63 հիմնական դպրոցը, որի բակում էլ տեղադրված է գրողի կիսանդրին։

Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը։

Ստեղծագործություններ

Պոեմներ

Մանկական բանաստեղծություններ

Հեքիաթներ և զրույցներ

  • Օձամանուկ և Արևահատ
  • Անտառի մանուկը
  • Վաճառականի խիղճը
  • Զանգի-Զրանգի
  • Եղեգնուհի
  • Խիզախը կամ Աներկյուղը
  • Այծատուր
  • Հնարագետ ջուլհակը
  • Մանուկ-խան
  • Ասլան-Բալա
  • Քի՜չ էլ, քի՜չ էլ
  • Անահիտ
  • Արեգնազան կամ Կախարդական աշխարհ
  • Վիշապին հաղթողը
  • Հազարան Բուլբուլ
  • Արևամանուկ
  • Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները
  • Կախարդական պատկեր

Քյորօղլի (Արկածներ Քյորօղլու կյանքից)

  • Քյորօղլին՝ կալանավոր
  • Քյորօղլին՝ ջաղացպան
  • Քյորօղլու թուրը

Երկեր Ղ. Աղայանի և նրա ստեղծագործության մասին

  • Ասատուր Ասատրյան, Ղազարոս Աղայան (կյանքն ու գործունեությունը), 1940, 128 էջ։
  • Հրայր Մուրադյան, Ղազարոս Աղայան (կյանքը և գործը), Երևան, Հայպետհրատ, 1941, 114 էջ։
  • Արսեն Տերտերյան, Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ։ 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան։ 2. Ղ. Աղայանը և ժողովրդական հերոսությունը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1942, 140 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 3 (հատորում զետեղված է «Ղազարոս Աղայան» գլուխը, որը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 760 էջ։
  • Աստվածատրյան Վ., Ադայանը մանկավարժ, Երևան, 1947։
  • Ավթանդիլյան Ա., Ղազարոս Աղայանի աշխարհայացքը, Երևան, 1983։
  • Ղազարոս Աղայան (1840-1911) (Մատենագիտություն), Երևան, 1972։
  • Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում, Երևան, 1967:

%d такие блоггеры, как: