Архив | Կոմիտաս RSS for this section

Կոմիտաս

 

Կոմիտաս Վարդապետ

 

ՓՇՈՒՐՄԸ

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԱՆՄԱՐ ՍԵՐ

Քեզ չսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կրակով հոգին փորել։

— Քեզի սիրել՝
Դրախտ երթալ
Ու վարդերով քնանալ։

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս Նսևավոր։

 

ԿՅԱՆՔ

Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

ԾԱՂԻՆ ՈՒ ՇԱՂԻն

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

 

Հ. Կոմիտաս Վարդապետ Արօրն ու Տատրակը

Հ. Կոմիտաս Վարդապետ

Արօրն ու Տատրակը

Արօրն ասաց տատրակ հաւքուն.
«Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն,
Երթայ լցուի բարակ առուն»,
Տատրակն ասաց արօր հաւքուն.
«Գընաց գարուն, եկաւ աշուն,
Կըտրաւ ջըրիկ աղբիւրներուն,
Կըտրաւ խոտիկ ծաղիկներուն,
Կըտրաւ ձէնիկ կաքաւներուն:
Էնքան պիտի լամ երերուն,
Արիւն կաթէ իմ աչքերուն,
Ես ի՞նչ անեմ իմ ձագերուն»:
Ասաց. «Դու մի լայ էս աշուն,
Չէ՞, վաղ կուգայ բարի գարուն,
Լոյս կը բացուի վեր աշխարհուն,
Դուռ կը բացուի խեղճիկներուն,
Ես քեզ կ’առնեմ իմ թեւքերուն,
Թըռնեմ բանձրիկ վեր սարերուն,
Սար կը հանեմ վեր սարերուն,
Բուն կը դնեմ մէջ քարերուն,
Տուն կը շինեմ մէջ գազերուն,
Երթիկ բանամ դէմ հով քամուն,
Ծուխ կը հանեմ հետ ամպերուն,
Մեր ցաւ կը տանք հարաւ քամուն»:
%d такие блоггеры, как: